Անհրաժեշտ են ֆրանկոֆոն կամավորներ. հրավիրում ենք համագործակցության

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսերեն լեզվին տիրապետող ակտիվ երիտասարդներին կամավորության սկզբունքով հրավիրում ենք ներգրավվելու հայ-ֆրանսիական համագործակցություններին և միջազգային միջոցառման կազմակերպչական աշխատանքներում: Հետաքրքրված անձինք կարող են դիմել Հայաստանի համայնքների միության գրասենյակ՝ իրենց մասին մինչև փետրվարի 5-ը տեղեկատվություն ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստին։

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության մասին

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը երկու երկրների միջև բարեկամության երկար պատմության մասն է կազմում: Այսօր առկա են շուրջ երեք տասնյակ համագործակցություններ։ Ապակենտրոնացված համագործակցությունը ուղղված է տեղական համայնքների զարգացմանը և նպաստում է հայկական և ֆրանսիական տեղական իշխանությունների փորձի փոխանակմանը և համատեղ նշանակություն ունեցող խնդիրների քննարկմանը: Առաջին Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության Համաժողովը կայացավ Երևանում 2010 թ. հոկտեմբերին: Այն համախմբեց գրեթե երեսուն համայնքներ ներկայացնող 250 մասնակցի, որոնք կենտրոնացան չորս թեմաների շուրջ. տեղական կառավարում և կադրերի պատրաստում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն և գյուղական զարգացում, ֆրանսերենի ուսուցանում, ինչպես նաև համագործակցությունների փոխադարձ բաշխում: Համաժողոի ընթացքում Ֆրանսիայի Միավորված Քաղաքների կողմից ստեղծվեց «Հայաստան» խումբ՝ որի նպատակն է աջակցել հայ և ֆրանսիական տեղական իշխանությունների համագործակցությանը: Հայաստանի համայնքների միության շրջանակներում կազմավորվեց «ֆրանսիա» Խումբը՝ նույն նպատակով։

2013 թվականի հոկտեմբերին Վալանսում տեղի ունեցած երկրորդ համաժողովը եզրափակվեց մասնակից ֆրանսիական և հայկական տեղական համայնքների պատվիրակների կողմից Վալանսի հռչակագրի ընդունմամբ, որը սահմանեց համագործակցության ոլորտային նպատակներ և առաջարկություններ՝ վերահաստատելով հետագա համագործակցության կարևորությունը:

Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը անց է կացվել 2016թ. դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում: Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառումը համախմբել էր ավելի քան 200 մասնակիցների: Համաժողովի ավարտին, 2016 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունված եզրափակիչ Երևանի հռչակագիրը սահմանում է հաջորդ երեք տարվա անելիքները, որպես գերակայություն ընդունելով տարածքների տնտեսական զարգացումը:

Հայ-ֆրանսիական 4-րդ համաժողովը կանցկացվի Ֆրանսիայի Լիոն քաղաքում 2020 թվականի վերջում համախմբելով շուրջ 250 մասնակիցների։