2009-12-01 - Խորհրդակցություն` քաղաքային խնդիրների օրակարգով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ամենշաբաթյա խորհրդակցության օրակարգում ձմռան նախապատրաստական և ընթացիկ հարցեր էին: Նիստը վարող Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին զեկուցվել է շաբաթվա կատարողականը:
Բակային փողոցների, լուսավորության ցանցի, հարթ տանիքների վերանորոգման ծրագիրը 2010-ին շարունակելու համար ճշտվում է կատարելիք աշխատանքի ծավալը: Քանի որ փողոցների ասֆալտապատման ամենամյա կրկնությունը, ծախսատար լինելով, խնդիրը լուծում է կարճ ժամանակով, Երևանի քաղաքապետը հանձնարարել է այսուհետև ասֆալտապատման պատվեր տալ այն ընկերությանը, որ կերաշխավորի ասֆալտի որակը և պիտանիությունը որոշակի ժամանակահատվածում:
Որոշակիացվել է ուսանողական ավտոբուսների հարավային ուղղության կայանատեղիի հասցեն`  կայարանի հարևանությամբ` Սևանի փողոցում: Տարածքն ընտրվել է հաշվի առնելով մետրոյին հարակից լինելը:
Շենգավիթ վարչական տարածքում ճշտվել են այն շուկաները, որոնց ծածկի տակ պետք է կենտրոնացվի փողոցային առևտուրը: Վարչական այդ տարածքում խնդրի վերջնական կարգավորումը նախատեսվում է ավարտել մինչև հունվարի 4-ը:
Ձմռան նախապատրաստությունը շարունակվում է` աղի ու ավազի պաշարների համալրումով:
Երևանի զարգացման քառամյա ծրագրի նախագիծն արդեն ամփոփվում է. կներկայացվի առաջիկայում: Շուտով պարզ կլինի նաև Էրեբունի հնավայրի վերականգնման նախագիծն ու ժամանակացույցը:
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանձնարարել է ձմռան ամիսներին աղբահանությունը կազմակերպել առավել հետևողական` թույլ չտալով հատկապես շինարարական աղբի կուտակումներ, որոնք ձնհալից հետո աղբահանության համար լուրջ խոչընդոտ են դառնում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն