| 2010-02-01 - Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովի նախապատրաստական հանդիպում | |
Երևան, 01.02.2010թ.։ Փետրվարի 1-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում տեղի ունեցավ «Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի» նախապատրաստական հանդիպում՝ Ֆրանսիական քաղաքների ու ռեգիոնների հետ համագործակցող հայաստանքային համայնքների ղեկավարների ու մարզպետների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, դեսպանության այլ ներկայացուցիչներ: «Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովը» ծրագրված է անցկացնել 2010թ. Հոկտեմբերի 7-8-ին, Երեւանում: Համաժողովին կմասնակցեն շուրջ 100 ներկայացուցիչներ ֆրանսիական երկու տասնյակից ավելի քաղաքներից ու ռեգիոններից: Համաժողովը կնդունի հռչակագիր եւ հետագայում կունենա պարբերական բնույթ: Երեւանյան համժողովին կքննարկվեն ֆրանկոֆոնիայի, տնտեսական զարգացման, լավ կառավարման հետ կապված հարցեր: Համաժողովի կազմակերպման նախաձեռնությունը Հայաստանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություններինն է: Այս նպատակով երկու երկրներում ձեւավորվել են կազմակերպական կոմիտեներ: Ֆրանսիական կողմի աշխատանքները համակարգում է Լիոնի քաղաքապետը: Հայաստանի կազմակերպական կոմիտեն ձեւավորվել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի համայնքների միության ու Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներից: Կազմակերպական կոմիտեն կղեկավարի Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: | |