 | Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ամենշաբաթյա խորհրդակցության օրակարգում ձմռան նախապատրաստական և ընթացիկ հարցեր էին: Նիստը վարող Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին զեկուցվել է շաբաթվա կատարողականը: Բակային փողոցների, լուսավորության ցանցի, հարթ տանիքների վերանորոգման ծրագիրը 2010-ին շարունակելու համար ճշտվում է կատարելիք աշխատանքի ծավալը: Քանի որ փողոցների ասֆալտապատման ամենամյա կրկնությունը, ծախսատար լինելով, խնդիրը լուծում է կարճ ժամանակով, Երևանի քաղաքապետը հանձնարարել է այսուհետև ասֆալտապատման պատվեր տալ այն ընկերությանը, որ կերաշխավորի ասֆալտի որակը և պիտանիությունը որոշակի ժամանակահատվածում: Որոշակիացվել է ուսանողական ավտոբուսների հարավային ուղղության կայանատեղիի հասցեն` կայարանի հարևանությամբ` Սևանի փողոցում: Տարածքն ընտրվել է հաշվի առնելով մետրոյին հարակից լինելը: Շենգավիթ վարչական տարածքում ճշտվել են այն շուկաները, որոնց ծածկի տակ պետք է կենտրոնացվի փողոցային առևտուրը: Վարչական այդ տարածքում խնդրի վերջնական կարգավորումը նախատեսվում է ավարտել մինչև հունվարի 4-ը: Ձմռան նախապատրաստությունը շարունակվում է` աղի ու ավազի պաշարների համալրումով: Երևանի զարգացման քառամյա ծրագրի նախագիծն արդեն ամփոփվում է. կներկայացվի առաջիկայում: Շուտով պարզ կլինի նաև Էրեբունի հնավայրի վերականգնման նախագիծն ու ժամանակացույցը: Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանձնարարել է ձմռան ամիսներին աղբահանությունը կազմակերպել առավել հետևողական` թույլ չտալով հատկապես շինարարական աղբի կուտակումներ, որոնք ձնհալից հետո աղբահանության համար լուրջ խոչընդոտ են դառնում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն |