Վերապատրաստումներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար

Վերապատրաստումներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար

11 03 2020 12 03 2020

Մարտի 11-12-ին Հայաստանի համայնքների միության կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի շրջանակներում Երևանում կանցկացվեն վերապատրաստումներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար:

Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Ռադլոյի քաղաքապետարանը:

Վերապատրաստումները կանցկացվեն չորս խմբերով: Մասնակիցները կվերապատրաստվեն այնպիսի թեմաներով, ինչպիսիք են քաղաքացիների մասնակցությունն ու ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) և ՏԻՄ-երի զարգացումը միջսահմանային համագործակցության, եվրոպական փորձի ու քույր քաղաքների համագործակցության միջոցով: Անդրադարձ կկատարվի նաև Եվրոպայի տարածքում ՏԻՄ-երի առանձնահատկություններին, հաշվետվողականությանն ու թափանցիկությանը:

ՏԻՄ-երի ներկայացուցիչների կարողությունների զարգացումը կարևոր է, նրանց իրազեկության բարձրացումը հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ ավելի արդյունավետ կդարձնի համագործակցությունը:

«Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքների կարողությունները համայնքների ղեկավարների, համայնքների աշխատակազմերի կրթության, համայնքների աշխատակազմերի՝ որոշումների կայացման գործընթացներում մասնակցության և հասարակության հետ երկխոսության միջոցով՝ հիմնվելով Վիշեգրադ երկրների լավագույն փորձի վրա: