Տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության Ընդհանուր ժողովը

Տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության Ընդհանուր ժողովը

17 05 2022 17 05 2022

Մայիսի 24-ին Երևանում շարունակվել է Հայաստանի համայնքների միության՝ մարտի 18-ին ընդհատված Ընդհանուր ժողովը: 

Մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային կոնգրեսի ներկայացուցիչներ, ՀՀ համայնքների ղեկավարներ, փորձագետներ, Միության աշխատակազմի ներկայացուցիչներ:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշել է՝ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ռեֆորմներին զուգահեռ Միությունը կանոնադրաան փոփոխություններ պիտի իրականացնի. Միության կառավարման մոդելը պիտի հարմարեցվի վարչական նոր փոփոխություններին, և դրան համապատասխան կառավարման մարմինների նոր ընտրություններ պիտի անցկացվեն: Էմին Երիցյանն իր ելույթում փաստել է. «Տեղական իշխանություններն են կայացած պետության ինստիտուցիոնալ հենքը: Նրանք են ուղիղ պատասխանատվություն կրում մարդկանց կյանքի որակի համար: Ժամանակակից տեղական ինքնակառավարումն ուժեղ է այնքանով, եթե ունի լիարժեք իրավասություններ և դրանց համապատասխան ֆինանսական միջոցներ: Կենտրոնական և տեղական իշխանությունների միջև պետք է ճիշտ բաշխած լինեն լիազորությունները և ֆինանսական ռեսուրսները»:

Միության նախագահը փաստել է՝ Միությունը որպես կազմակերպություն համայնքների շահերի պաշտպանն է, գնում է ապակենտրոնացման մարտահրավերներին դիմակայելու ճանապարհով: Նա նկատել է՝ ՀՀ-ում ապակենտրոնացման մակարդակը դեռևս շատ ցածր է: Ըստ նրա՝ քանի դեռ համայնքները չունեն բավարար ֆինանսական ռեսուրսներ, չեն կարող իրենց լիարժեք դրսևորել անկախ ընտրական համակարգից:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն իր ելույթում նշել է. «Միության՝ հատկապես այս ժողովը նոր որակով, նոր կազմով և հետագայում նոր բովանդակությամբ աշխատանքների սկիզբ է դնելու: Միությունը կարևոր ինստիտուցիոնալ կազմակերպություն է, այն առաջին իսկ օրվանից ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում տեղական ժողովրդավարության ներդրման գործընթացին»:

Եվրոպայի խորհրդի կոնգրեսի ներկայացուցիչ Դմիտրի Մարչենկոն ներկայացրել է  Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենիտեզի ուղերձը Ընդհանուր ժողովի մասնակիցներին: Եվրոպայի խորհրդի փորձագետ Իրինա Փահլևանյանը ներկայացրել է Միության նոր՝ 2022-2026թթ Ռազմավարական պլանը: Այն ընդունվել է Ընդհանուր ժողովի մասնակիցների կողմից: