Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը՝ Փարաքարում

Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը՝ Փարաքարում

05 10 2018 05 10 2018

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10.00-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տանը կանցկացվի Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը:

Հայաստանի տարածքային համաչափ զարգացման համար կարևոր է, որ գյուղական համայնքները դառնան բարգավաճող տարածքներ։ Մինչդեռ գյուղական շրջանները ստիպված են արձագանքել օրեցօր նվազող բնակչության, ժողովրդագրական տարիքային աճի, աղքատության աճի մարտահրավերներին։

Հերթական համաժողովի նպատակն է՝ ձևավորել գյուղական տարածքների զարգացման նոր տեսլական՝ հիմնվելով սոցիալական, տնտեսական և կենսական բազմազանության վրա։

Համաժողովին զեկույցներով հանդես կգան Ֆրանսիայի Գյուղական համայնքների ասոցիացիայի նախագահ Վանիկ Բերբերյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ և այլք:

2011թվականից սկսած Հայաստանի համայնքների միությունը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և այլ գործընկեր կառույցների հետ համատեղ յուրաքանչյուր տարի կազմակերպում է «Գյուղական համայնքների համաժողովներ»։

Համաժողովը նպատակ ունի աջակցել գյուղական տարածքների կայուն զարգացմանը՝ երկխոսության, փորձի, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով։ Համաժողովը ծառայում է որպես գյուղական համայնքների զարգացմանն ուղղված կարևոր և բազմադերակատար հարթակ՝ ներգրավելով շահագրգիռ կողմերին՝ տեղական ինքնակառավաման մարմիններին, հասարակական ու միջազգային կազմակերպություններին, ՀՀ կառավարության և Ազգային ժողով ներկայացուցիչներին, ինչպես նաև տեղական ու միջազգային փորձագետների։ Այն հնարավորություն է տալիս նաև ոլորտի դերակատարների և ջատագովների մասնակցությամբ քննարկել և լուծումներ առաջարկել գյուղական համայնքների համար արդիական հիմնախնդիրների վերաբերյալ։ 

Համաժողովի մասնակցությունը՝ նախապես գրանցվելով:

Համաժողովը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» և Եվրոպական միության «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրերի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ: