Անցկացվեց Համայնքային ծառայողների աշխատանքային խմբի նիստ

Անցկացվեց Համայնքային ծառայողների աշխատանքային խմբի նիստ

28.02.2019

Փետրվարի 26-ին տեղի ունեցավ համայնքային  ծառայողների աշխատանքային խմբի նիստ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց համայնքային ծառայողների աշխատանքային խմբի աշխատակարգը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին անցկացվեց Համայնքային ծառայողների 5-րդ համաժողովը, որի ավարտին որոշում կայացվեց ստեղծել համայնքային ծառայողների աշխատանքային խումբ:

Խմբի հանդիպման ընթացքում Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրին կարևորեց, որ խումբն աշխատի կանոնակարգված ու օպերատիվ և շեշտեց. «Մեր նպատակն է՝ համայնքային ծառայության ոլորտում բոլոր այն խնդիրները, որոնք ինստիտուցիոնալ առումով կանոնակարգված չեն, այս աշխատանքային խմբի ակտիվ աշխատանքի շնորհիվ առաջ տանել»:

Նատալյա Լափաուրին տեղեկացրեց՝ ստեղծվել է նաև ավագանիների աշխատանքային խումբ, որի նպատակն է առաջ տանել ավագանիների խնդիրները:

Միության գործադիր տնօրենը փաստեց՝ ներկայումս չունենք մի առանձնացված կառույց, որը համայնքային ծառայողների շահերին ու խնդիրներին է  անդրադառնում: Ուստի անհրաժեշտություն և կարիք առաջացավ ստեղծել համայնքային ծառայողների խումբ:

Իրավական հարցերով փորձագետ Վահագն Պետրոսյանը ներկայացրեց աշխատանքային խմբի աշխատակարգը՝ մեկ տարվա համար: Համայնքային ծառայողները ներկայացրին իրենց առաջարկությունները և բարձրաձայնեցին ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: Փորձագետը հայտարարեց. «Համայնքային ծառայողները տեղական ինքնակառավարման համակարգի շոգեքարշն են: Այս  աշխատանքային խումբն առիթ կստեղծի հանրային ծառայության բնագավառի հիմնական խնդիրները բարձրացնելու համար»: