Համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ հանրային քննարկում և ՀՀ-ում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցի շնորհանդես

Համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ հանրային քննարկում և ՀՀ-ում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցի շնորհանդես

28.02.2020

Փետրվարի 28-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցի շնորհանդեսն ու համամասնական ընտրակարգի անցնելու՝ ՀՀ կառավարության առաջարկած նախագծերի շուրջ հանրային քննարկումը:

Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում ներկայացվեց առաջին անգամ Հայաստանի համայնքների միության պատրաստած Հայաստանում տեղական ժողովրդավարության վերաբերյալ տարեկան զեկույց, որը կդառնա ամենամյա։ Այն պատրաստվել է փորձագետների հետ համագործակցաբար և այսուհետ կներկայացվի ամեն տարի:

Մեկ միջոցառման շրջանակներում առաջին անգամ հանրայնացվեց նաև Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի կողմից պատրաստված «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան Հայաստանում» մոնիտորինգային զեկույցի և հանձնարարականների նախագիծը։ Այն հաստատվել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին: Զեկույցում ներկայացված են Հայաստան կատարված մոնիտորինգային այցի արդյունքները, Հայաստանի պարտավորություններն ու հանձնառությունները, տեղական ինքնակառավարման մարմինների միավորման իրավունքը և այլ հարցեր: Առանձին բաժնով ներկայացված են նաև մտահոգություններն ու եզրակացությունները:

Փետրվարի 28-ին կազմակերպված միջոցառմանն առաջին անգամ նաև կազմակերպվեց հանրային քննարկում Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համամասնական ընտրակարգի անցնելու՝ ՀՀ կառավարության առաջարկած նախագծերի շուրջ:

Միջոցառման ընթացքում ՏԻՄ-երի ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ, քաղհասարակության, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ արտահայտեցին իրենց դիրքորոշումները համամասնական ընտրակարգի անցման՝ ՀՀ կառավարության առաջարկած նախագծերի շուրջ, ներկայացրին այդ փոփոխության հնարավոր հետևանքները, մտահոգություններ և սեփական դիրքորոշումները: