ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովը հաստատեց Հայաստանում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի մոնիտորինգային զեկույցը

ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովը հաստատեց Հայաստանում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի մոնիտորինգային զեկույցը

17.02.2020

Փետրվարի 11-ին Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացվեց Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը: Մոնիտորինգի հանձնաժողովը հաստատեց Հայաստանում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի մոնիտորինգային զեկույցի և հանձնարարականների նախագիծը:

Զեկույցում ներկայացված են Հայաստան կատարված մոնիտորինգային այցի արդյունքները, Հայաստանի պարտավորություններն ու հանձնառությունները, տեղական ինքնակառավարման մարմինների միավորման իրավունքը և այլ հարցեր: Առանձին բաժնով ներկայացված են նաև մտահոգություններն ու եզրակացությունները: 

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին զեկուցող Բրյոնի Ռուդկինը հիշեցրեց՝ Հայաստանն առաջին երկրներից էր, որ ստորագրեց Կոնգրեսի առաջարկությունների իրականացման համար սերտ քաղաքական երկխոսության շրջանակում մշակված ճանապարհային քարտեզը:

Միևնույն  ժամանակ զեկուցողը մտահոգություն հայտնեց, որ իրավականորեն սահմանված խորհրդակցությունների մեխանիզմները այժմ Հայաստանում ոչ բավարար ծավալով են ապահովվում կառավարության, համայնքների և ազգային ասոցիացիայի միջև: Զեկուցողը նաև կոչ արեց ՀՀ իշխանություններին ապահովել լիազորությունների ապակենտրոացում և տրամադրել համայնքներին բավարար չափով ֆինանսական միջոցներ:

Նշենք, որ Հայաստանում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի մոնիտորինգային զեկույցի և հանձնարարականների նախագիծը ներկայացվելու է մարտին 17-19-ը Ստրասբուրգում կայանալիք Կոնգրեսի նստաշրջանի հաստատմանը: