ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
25 10 2023 25 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի ընթացքում Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը։
Կոնգրեսի ինը հոգանոց պատվիրակությունը սեպտեմբերի 15-18-ը դիտորդական առաքելությամբ Հայաստանում էր։ Այն դիտորդական առաքելություն էր իրականացրել Երևանի 12 ընտրատարածքներում։ Զեկույցում ամրագրված է՝ ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված՝ առանց լուրջ միջադեպերի կամ անոմալիաների:
ԵԽ կոնգրեսի պատվիրակությունը ողջունել է Ընտրական օրենսգրքի 2020 և 2021 թվականների փոփոխությունները, որոնք անդրադարձել են նախկին որոշ առաջարկություններին և նպաստել ընտրական գործընթացի առավել թափանցիկությանը:
Զեկույցի հեղինակ, ԵԽ Կոնգրեսի՝ Երևանի ավագանու ընտրությունները դիտարկող պատվիրակության ղեկավար Կարլա Դեյոնգեն իր ելույթում պատվիրակության գոհունակությունն է հայտնել Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման հետ կապված․ «Մենք գոհ էինք տեսնելով, որ մեր որոշ առաջարկություններ արդեն տեղում իրականացվում էին և ողջունում էինք արդյունքների ընդունումը բոլոր մասնակիցների կողմից»։
Զեկույցում ամրագրված է, որ Կոգրեսը ողջունում է ՀՀ ԿԸՀ-ի կողմից ձեռնարկված կարևոր ջանքերը` նվազեցնելու կեղծիքների հավանականությունը և ամրապնդելու ընտրողների վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Դրանք ներառում էին ընտրողների նույնականացման սարքերի և տեսախցիկների անխափան օգտագործումը, ինչպես նաև առանձին քվեաթերթիկների ներդրումը և ընտրատեղամասերի նախագահների համար հատուկ դասընթացների կազմակերպումը։
Զեկույցում նաև ներկայացված են որոշ քննադատություններ, մասնավորապես ընտրատեղամասերի անհասանելիությունը, ինչպես նաև այն, որ շարժական քվեախցերը չեն օգտագործվում ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Ի լրումն, Կոնգրեսը առաջարկել է խթաններ տրամադրել՝ զսպելու կանանց թերներկայացվածությունը որպես թեկնածուների ցուցակների առաջնորդող և առաջարկել է ներմուծել իրավական դրույթներ, որոնք թույլ կտան անկախ թեկնածուներին մասնակցել տեղական ընտրություններին:
Կոնգրեսը նաև ափսոսանք է հայտնել պատմականորեն ցածր մասնակցության ցուցանիշի համար, և որ շատ թեկնածուներ ընտրողներին չեն տրամադրել տեղական առաջնահերթությունների վրա հիմնված և Երևանի ավագանու իրավասություններին համապատասխան ծրագրեր։
Զեկուցողն իր ելույթում նաև շեշտել է․ «Հրավիրում ենք ՀՀ իշխանություններին ուշադրություն դարձնել տեղական մակարդակում միասնական ընտրությունների օրվա հաստատման հարցին` տեղական ժողովրդավարության վերաբերյալ ընտրողների իրազեկվածության հետագա բարձրացման համար»։
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ