Պատմական ակնարկ

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումից հետո (1995 թվականի հուլիսի 5) Հայաստանի հանրային կառավարման համակարգում պետական կառավարմանը զուգահեռ ստեղծվեց տեղական ինքնակառավարման համակարգը:

Հայաuտանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է ՀՀ Uահմանադրությամբ, որի 7-րդ գլխի 104-110 հոդվածներն ուղղակիորեն սահմանում են տեղական ինքնակառավարման հարցերը, "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ oրենքով, որը հիմնվում է Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիայի վրա, այլ oրենքներով եւ իրավական ակտերով:

Հայաստանը Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիան վավերացրել է 2002 թվականին:

Տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության բարելավման նպատակով uեփական պատաuխանատվությամբ եւ oրենքի շրջանակներում ինքնուրույն գործող տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային խնդիրները լուծելու եւ համայնքի uեփականությունը տնoրինելու` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ եւ "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ oրենքով երաշխավորված իրավունքը եւ համայնքի կարողությունն է:

Տեղական ինքնակառավարման մարմիններն (ՏԻՄ) են` համայնքի ղեկավարը եւ համայնքի ավագանին, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են 4 տարի ժամկետով` ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Համայնքի ավագանու անդամների թիվը պայմանավորված է համայնքի բնակչության թվով եւ կարող է կազմել 5-15 հոգի: ՏԻՄ-երի առաջին ընտրություններն առաջին անգամ անց են կացվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին` "Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության մասին"  ՀՀ օրենքի համաձայն: Երկրորդ ընտրությունները տեղի են ունեցել 1999թ. հոկտեմբերի 24-ին` ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, որն ընդունվել է 1999թ. փետրվարի 17-ին: Հաջորդ ընտրությունները համապատասխանաբար տեղի են ունեցել 2002-ի հոկտեմբերի 20-ին եւ 2005թ. աշնանը: ՏԻՄ-երի լիազությունները բաղկացած են սեփական լիազորություններից, որոնք ֆինանսավորվում են տեղական բյուջեից պատվիրակված լիազորություններից, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից:

Համաձայն ՀՀ Սահմանադրության եւ "Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին" ՀՀ օրենքի (1995թ. դեկտեմբերի 4)՝ Հայաստանը բաժանվեց 10 մարզերի, եւ մայրաքաղաք Երեւանին տրվեց մարզի կարգավիճակ: Մարզերը բաժանվեցին քաղաքային եւ գյուղական համայնքների, իսկ Երեւանը` թաղային համայնքների: Մարզերը միմյանցից տարբերվում են իրենց տարածքների չափերով, բնակչության թվով, համայնքների թվով եւ տնտեսական զարգացման մակարդակով:

Հայաստանում տեղական ինքնակառավարումը գործում է միայն համայնքների մակարդակով: Այն հանրային կառավարման առանձին օղակ է: Յուրաքանչյուր քաղաքային կամ գյուղական համայնք բաղկացած է մեկ կամ մի քանի բնակավայրերից: Հայաստանում կա 1000 բնակավայր, որոնք միավորված են 915 համայնքներում: Դրանցից 49-ը քաղաքային եւ 866-ը` գյուղական:

Ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է, որի տարածքը 5349ք.կմ է, ներառյալ Սեւանա լիճը` 1256ք.կմ: Շիրակի մարզում են գտնվում ամենաշատ համայնքները` 119 համայնք: 
Տեղական ինքնակառավարման ֆինանսական հիմքերի ամրապնդման համար կարեւոր էր "ՀՀ բյուջետային համակարգի մասին" ՀՀ օրենքի ընդունումը (1997թ. հուլիսի 21) , որը պարզաբանում է համայնքային բյուջեի կազմման, կատարման եւ վերահսկման գործընթացները, կառավարման տարբեր մակարդակների միջեւ հարկաբյուջետային փոխհարաբերությունները եւ բյուջեների եկամուտների եւ ծախսերի տեսակները:

Պետական բյուջեից համայնքային բյուջեներին կատարվող հատկացումները կարգավորվում են "Ֆինանսական համահարթեցման մասին" ՀՀ օրենքով (1998թ. դեկտեմբերի 23), որով հաստատվեց ֆինանսական համահարթեցման ձեւերը եւ դրանց հաշվարկման կարգը: 
2005թ. նոյեմբերի 27-ին ՀՀ Սահմանադրության մեջ կատարվեցին մի շարք փոփոխություններ, որոնցից հիմնականներն են.

ա)համայնքներին պատվիրակված լիազորությունների պարտադիր ֆինանսավորումը պետական բյուջեից, համայնքների կողմից տեղական հարկերի եւ տուրքերի, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների դիմաց վճարների սահմանման իրավունքը /հոդ. 106/, 

բ) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետ սահմանվեց 4 տարի /հոդ. 107/ 

գ) սահմանվեց, որ Երեւանը համայնք է /հոդ. 108/ 

դ) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով` իրավական հսկողության իրականացումը /հոդ. 108.1/ 

ե) կառավարության կողմից համայնքի ղեկավարի պաշտոնանկության դեպքում՝ սահմանադրական դատարանի եզրակացության պարտադիր լինելը /հոդ. 109/ 

զ) համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են միացվել միմյանց կամ առանձնացվել, ինչպես նաեվ կարող են ստեղծվել միջհամայնքային միավորումներ՝ օրենքով սահմանված կարգով /հոդ. 110/ եւ այլն:

2005թ. նոյեմբերի 27-ին ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխում կատարված փոփոխություններն ուղղված էին տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործմանը, ժողովրդավարացմանը, օրենսդրությունը Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիայի սկզբունքներին համապատասխանեցնելուն, եւ արձագանքն էին նաեւ այն դրույթների ու առաջարկությունների, որոնք ձեւակերպված էին ՀՀ եւ ԵԽ համագործակցության շրջանակում։ 
Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի տասնամյա փորձը ցույց է տվել, որ նրա կայուն եւ հաստատուն զարգացման համար անհրաժեշտ է մշտապես կատարելագործել տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտը, այն համապատասխանեցնել առկա իրողություններին՝ կատարելով համապատասխան փոփոխություններ օրենքներում եւ այլ իրավական ակտերում։ Այդ է վկայում, մասնավորապես, 2002թ-ից առ այսօր "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքում համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարելու վերաբերյալ մոտ 18 իրավական ակտերի ընդունումը:

Համայնքների զարգացման կարեւորագույն նախապայմաններից մեկը ՏԻՄ-երի կարողությունների ձեւավորումն ու ամրապնդումն է: Միայն օրենքով ՏԻՄ-երին լիազորությունների տրամադրումը բավարար չէ իրական ժողովրդավարության հաստատման, տեղական ինքնակառավարման համակարգի եւ համայնքների զարգացման համար: Այդ նպատակով անհրաժեշտ էր ձեւավորել ՏԻՄ-երի կարողությունները, որի կարեւոր պայմաններից մեկը համայնքային ծառայողների մշտական գործող ուսուցման համակարգի ստեղծումն է: Ուստի, 2004թ. դեկտեմբերի 14-ին ընդունվեց «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը: Uույն oրենքով ամրագրվում են Հայաuտանի Հանրապետությունում համայնքային ծառայության հիմնական uկզբունքները, կարգավորվում են համայնքային ծառայության պաշտոնների եւ դաuային աuտիճանների դաuակարգման, համայնքային ծառայության պաշտոնի նշանակման, համայնքային ծառայողների ատեuտավորման եւ վերապատրաuտման, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի, համայնքային ծառայողների իրավական վիճակի, համայնքային ծառայության կազմակերպման եւ ղեկավարման, ինչպեu նաեւ՝ դրանց հետ կապված այլ հարաբերություններ: 
Աշխատակազմի հավաքագրում։ Հաստատվել է ՀՀ բոլոր համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը: Անվանացանկերում նախատեսված պաշտոններում նշանակումները կատարվում են օրենքով սամանված կարգով / "Համայնքային ծառայության մասին" ՀՀ օրենք , հոդված 42-43/: Իսկ թափուր պաշտոն առաջանալու դեպքում, դրանք համալրվում են մրցույթով:

Գնահատում եւ ուսուցում։ Համայնքային ծառայողների առաջին ատեստավորումը նախատեսված է իրականացնել առաջին վերապատրաստումից հետո՝ օրենքով նախատեսված ժամկետներում, իսկ օրենքի համաձայն՝ համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման գործընթացը պետք է սկսվի 2007թ. մայիսի 1-ից: Վերապատրաստումը պետք է իրականացվի մրցույթով ընտրված ուսումնական կազմակերպությունների միջոցով՝ ՀՀ կառավարության պետական լիազորված մարմնի հաստատված ծրագրին համապատասխան: ՀՀ Երեւան քաղաքի եւ մարզերի համայնքների ղեկավարների աշխատակազմերում առկա համայնքային ծառայության պաշտոնների ընդհանուր թիվը կազմում է 6724, այդ թվում՝ գլխավոր պաշտոններ՝ 32, առաջատար՝ 2605, կրտսեր՝ 4087:

Բացի այդ, ներկայումս Հայաստանում գործում են 3 խոշոր հասարակական միավորումներ, որոնք նույնպես արդյունավետ իրականացնում են տեղական ինքնակառավարման անձնակազմի ուսուցում: Դրանք են՝ Հայաստանի Համայնքների Միությունը, Հայաստանի Ֆինանսիստների Միավորումը, Հայաստանի Ավագանիների Միությունը, որոնց նպատակներից մեկը ուսուցման, խորհրդատվության եւ սեմինար պարապմունքների միջոցով համայնքներին աջակցելն է, ինչպես նաեւ՝ տեղական ինքնակառավարման նորմատիվ-օրենսդրական դաշտի բարեփոխումներին նպաստելը: