Սպիտակի տարածքը եղել է հին բնակատեղի, որի պատմությունը սկսվում է դեռևս մ.թ.ա. IV-I հազարամյակներից: Սպիտակում, համանուն նախկին շրջանի Մեծ Պարնի, Ջրաշեն, Գոգարան, Արևաշող գյուղերում հայտնաբերված նեոլիթյան գործիքներն ու կենցաղային իրերը՝ քարե հատիչները, կացինները, դանակները, նետասլաքները, աղորիքները, արձանիկները և գտնված մյուս առարկաները վկայում են այդ ցեղերի հասարակական բարձր աստիճանը:
Սպիտակում՝ Սարդարի կոնդ բլուրում հայտնաբերվել են բրոնզե դարաշրջանի (ք.ա. 3-2-րդ հազարամյակում) բնորոշ առարկաներ՝ պղնձե և բրոնզե նետասլաքներ, դաշույններ, սև փայլեցրած կավախեցե ամաններ և այլ առարկաներ: Տարածքի բնակիչների կյանքը վերընթաց զարգացում է ապրել նաև ք.ա. 1-ին հազարամյակում, երբ այդ տարածքը մտել է Ուրարտու պետության կազմի մեջ (ք.ա. 7-րդ դար):
Երվանդունիների (ք.ա. 4-2-րդ դարեր) և Արտաշեսյանների (ք.ա. 2-1-ին դարեր) թագավորության ժամանակ նաև Սպիտակի այժմյան տարածքը եղել է Հայաստանի, ավելի ուշ՝ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի կազմում: 9-րդ դարավերջին մտել է Բագրատունյաց թագավորության, 972-1118թթ.-ը՝ Կյուրիկյան թագավորության, իսկ 12-րդ դարավերջից՝ Սելջուկյան թուրքերից ազատագրված հայկական հողերի հետ՝ Զաքարյանների իշխանապետության մեջ: 14-18-րդ դարերում Արևելյան Հայաստանի հյուսիս-արևելյան մի քանի գավառակների հետ միացվել է Ռուսաստանին, տարածքը կոչվել է Համամլուի գավառակ և մտել նախ Լոռի-Փամբակի, ապա Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքը մինչև 1949թ. կոչվել է որը հավանաբար առաջացել է պարսկերեն (բաղնիք) բառից: Համամլուի նոր անունը՝ Սպիտակ, կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքերի հետ:
Համամլուի շրջանը, որպես վարչական միավոր ստեղծվել է 1937թ.-ի դեկտեմբերի 31-ին: Սպիտակը 1960թ.-ին ստացել է քաղաքի, 1971թ.-ին՝ հանրապետության ենթակայության քաղաքի կարգավիճակ:
Համամլիում դեռևս 19-րդ դարի կեսերից գործել են ծխական դպրոցներ: Նախասովետական Համամլուն, բացի մի քանի դարբնոցից, ջրաղացներից ու ձիթահանքից, արդյունաբերական ոչ մի ձեռնարկություն չուներ: Բնակիչները հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ:
Մինչև 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժը Սպիտակը արդյունաբերական և գյուղատնտեսական զարգացած քաղաքներից էր, որտեղ գործում էր 14 արդյունաբերական ձեռնարկություն: Ուներ 7 հանրակրթական, գեղարվեստի, երաժշտական, մարզական դպրոցներ, տեխնիկում, պրոֆտեխուսումնարան, 10 մսուր-մանկապարտեզ, հիվանդանոց, զբոսայգի, մշակույթի տուն, գրադարան, կինոթատրոն, թանգարան, մարզադաշտ, կապի հանգույց, տպարան:
1988 թվականը ճակատագրական եղավ Սպիտակի կյանքում: Դեկտեմբերի 7-ին, ահեղ երկրաշարժի հետևանքով, վայրկյանների ընթացքում երբեմնի արդյունաբերական քաղաքը վերածվեց փլատակների, զոհվեց ավելի քան 4000 մարդ:
Ավագանու անդամների ցուցակ
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct