Արտավազդական, Արտազական, Արտավազդ ապարանք, Արզակյանդ, Արզաքենդ, Արզական։
Այսպիսի անուններ է ունեցել այսօրվա Կոտայքի մարզի Արզական գյուղը։
Գյուղի հիմնավորման սկիզբը գնում է դեպի մեր պատմության խորքերը` մինչև մ.թ.ա. 55-34 թթ Արտավազդ 2-րդ արքայի ժամանակաշրջանը, երբ այս տեղանքի բնությամբ հիացած արքան կառուցել է իր ամառանոցը։
Այն հետագայում ավերվել է, բայց նրա մերձակայքում կառուցված գյուղը երկար ժամանակ կոչվել է Արտազական, որը տարադարձվելով դարձել է Արզական։
Նախկինում եղել է Այրարատ աշխարհի Նիգ գավառում։ Արզականի այժմյան բնակիչների նախնիները 1800-ական թվականներին գաղթել են Մակուից, Խոյից, Բայազետից, մասամբ նաև Մուշից։
Արզականը հանդիսացել է առաջին կարգի աստիճանավոր Երևանցի Ղայրաման Մելիք Աղամալյանցի սեփական կալվածքը։ 1862 թ. Մեսրոպ Արք-Եպիսկոպոս Սմբատյանցը եղել է Արզականում, հանդիպում է ունեցել 1-ին կարգի աստիճանավոր կալվածատեր Ղայրաման Մելիք Աղամալյանցի հետ։ Մեսրոպ Արք-Եպիսկոպոս Սմբատյանցի վկայությամբ Արզաքանը տեղավորված է եղել երկու փոքրիկ ձորակների միջավայում, այն ժամանակ ունեցել է 37 տնտեսութուն։
Մեսրոպ Արք-Եպիսկոպոս Սմբատյանցը գրում է <<Արժանի իշխանաց արժանավոր բնակարան և ամրոց է եղած ժամանակին Արզաքանը, նորա շրջավայրերը, որը և արժանի է ներկայի կալվածատեր մեծապատիվ իշխանին`Ղահրամանյան աղայի Մելիք Աղամալյանցին, որի շնորհիվ եկեղեցին և եկեղեցիական դպրոցը բարեկարգ վիճակի մեջ են եղել>>:
Գյուղի բնակչությունը գյուղատնտեսական կուլտուրաներից մշակել է ցորեն, գարի, ծխախոտ, կանեփ, վուշ և բոստանային կուլտուրաներ։
Գյուղն ունեցել է հետևյալ արտադրական օբյեկտները, որոնք պատկանել են բնիկ տեղացի հայերին 3 դարբնոց, 3 ջուլհականոց, 1 հյուսնոց, 1 բրդամշակման արհեստանոց, ունեցել է նաև ձիթահան պատրաստի վիճակում, որի արտադրական կարողությունը տարեկան եղել է 500 բատման կտավատի ձեթի արտադրություն։
1831 թվականին գյուղն ունեցել է 7 ջրաղաց
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Սուրբ Աստվածածին
Արզականի վանքը գտնվում է գյուղից 3 կմ հյուսիս արևմուտք, Նեղոս կոչվող ձորաճյուղերով մեկուսացած անտառապատ, բարձրադիր բլրին։
Ըստ ոմանց` վանքը շինվել է Հայրապետ կրոնավորի կողմից և վերանորոգվել է Նեղոս Վարդապետի կողմից 1451 թվականին։ Վանքը Նեղոսի /Նեղուսի,Նեղուցի/ է անվանվել մերձակա ավերակ Նեղուս գյուղի անվամբ։
Ս.Աստվածածին վանքի վրա շատ արձանագրություններ կան, նրանց վրա գրված է տարեթիվ <<ԹՎ ԹՃ (1451թ.)>>։ Դեռ 1862թ. Մեսրոպ Արք-Եպիսկոպոս Սմբատյանցի վկայությամբ տաճարը և գավթի տանիքները բոլորովին քայքայված են եղել։ Կառուցված է սրբատաշ բազալտից, այն իրենից ներկայացնում է անսյուն գմբեթավոր տաճար և մի սյունազարդ գավիթ, որի նրբաքանդակ և հրաշալի ճարտարված դուռը հարավից է։ Գավթի հատակը ծածկված է անգիր տապանաքարերով։ Պատերի վրա կան նվիրատուների երկար արձանագրություններ։ Տաճարը շրջապատված է տների հիմնաքարերով և խաչքարերով։ Դռան վրայի արձանագրությունը 1271 թ. է։ Մյուս արձանագրությունները 13-15-րդ դարերի են։ Գավթի մեջ` եկեղեցու դռան երկու կողմերից սանդուղքներով բարձրանում են երկու փոքրիկ մատուռներ, որոնց տակ, եկեղեցու մեջ, դարձյալ մատուռներ են։
Յուրաքանչյուր տարվա օգոոստոսին արզականցիները մեծ տոնախմբությամբ են նշում Արզականի ուխտը, այցելելով Ս.Աստվածածնի վանքը։
Գյուղից հեռու երկու ավերակ վանքեր կան, որտեղ արձանագրված է <<Զընծաս շինեցանք /1207/ կամովն աստծոյ, մեղավորս Սարգիս վարդապետ, որ առաջնորդ եղ է, և շինեցի Սուրբ Աստվածածինս և ետով զդրած այգին և հնձանի ի Շենգավիթ զիմ բաժնի այգին ի ձիթենա…>>։
Սուրբ Թադևոս
Սուրբ Թադևոս (անվանված նաև Ս. Ստեփանոս) գտնվում է գյուղի հին տարածքում կառուցված է հասարկ, անշուք ձևով։
1862 թվականին եկեղեցին վերանորոգման խիստ կարիք է զգացել, Մելիք Աղամալյանցը ձեռնամուխ է եղել եկեղեցու վերականգնմանը։
Սուրբ Գևորգ
Գյուղի հյուսիս ծայրամասում, գերեզմանատան մեջ, Ս.Գևորգ անվամբ եկեղեցի, որ կառուցվել է սև տուֆից ու բազալտից, խարխրվել, հետո վերանորոգվել է և ծածկվել հասարակ քարերով և փայտով։
Գհուկի վանք /Բոլորահար/
Վանք Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Կոտայքի գավառում։ Ավերակները պահպանվել են Արզական գյուղից 3-4 կմ հս։ Վանքի գործունեության շրջանը 13-14-րդ դարերն էին։
Պատերի վրա պահպանվել են վիմագիր արձանագրություններ։
Չորդա վանք
Դեպի հյուսիս արևելք 5 կմ հեռավորության վրա գտնվող Չորդա վանքը XII -րդ դարի կառույց ։
Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի՝ կառուցված 12-րդ դարում։ Մասամբ ավերակի վերածված այս վանքը գտնվում է Արզականի կենտրոնից ոչ շատ հեռու։
Անհայտ զինվորի հուշարձանը` Այս տպավորիչ մետաղակերտ հուշարձանը կառուցված` 1963-64թթ. նվիրված է Երկրորդ Համաշխարհային պատերազմի զոհվածների հիշատակին։
Ավագանու անդամների ցուցակ
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct