Գորիս (Բնակչության թիվը` 29320)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 1870 թվական
  • Բնակչության թիվը – 29320
  • Համայնքի մակերեսը – 5039 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 254 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 67 կմ
  • Համայնքում գործում են ` արդյունաբերական ձեռնարկություններ: Դրանցից են` «Գամմա», «Զանգեզուր», «Գորիսի միկրոշարժիչ» ԲԲԸ-ները, գործում են սննդարդյունաբերության և տնտեսության այլ ճյուղերի մի շարք ձեռնարկություններ, կան քարամշակման արտադրամասեր: Քաղաքում հատկապես զարգացած է էներգետիկայի արտադրությունը, հանձինս “Որոտան ՀԷԿ-երի համակարգ” ՓԲԸ-ի: Գորիսը Սյունիքի մարզի խոշոր կրթական ու մշակութային կենտրոններից է: Գորիսում գործում է երկու ավագ, չորս հանրակրթական և մեկ հատուկ դպրոց:  Գործող բարձրագույն ուսումնական հաստատություններն են Գորիսի պետական համալսարանը, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը, «Սյունիք» ինստիտուտը և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ` Մանկավարժական քոլեջը ու Գորիսի գյուղատնտեսական պետական քոլեջը: Գործում են 7 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, 5 արտադպրոցական ուսումնական հաստատություններ` Ա. Սաթյանի և Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցներ, Գ.Պարոնյանի անվան Արվեստի դպրոց, Ա.Օրդյանի անվան շախմատի դպրոց, մանկապատանեկան մարզադպրոց:  Մշակութային կառույցներն են` Գուսան Աշոտի անվան մշակութային կենտրոնը՝ իր ստորաբաժանումներով, Երկրագիտական թանգարանը, Քաղաքային պատկերասրահը, գրադարանների կենտրոնացված համակարգը, ֆիլմադարանը, Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ա.Բակունցի տուն-թանգարանը, Երևանի գեղագիտական դաստիարակության կենտրոնի Գորիսի մասնաճյուղը: 

Գորիս բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2016 թվականի սեպտեմբերին՝ համայնքների խոշորացման արդյունքում՝ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հունիսի 17-ի ՀՀ ՀՕ-100-Ն օրենքով։
Այն ընգդրկում է Գորիս քաղաքային բնակավայրը, Ակներ, Աղբուլաղ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Վերիշեն և Քարահունջ գյուղական բնակավայրերը։

Գտնվում է Գորիս (Վարարակ) գետի հովտում: Նախկին անվանումներն են՝ Գերյուսի, Գերուսի, Գորայք, Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կորուս, Կորու, Կուրիս, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս: Գորիս անվան տարբեր բացատրություններ կան: Ենթադրվում է, որ տեղանվան հիմքը կազմում են հնդեվրոպական նախալեզվի գուոռ-«ժայռ» և էս-«լինել» բառերը, այսինքն Գորիս-Կյորես նշանակում է ժայռոտ տեղ: Քաղաքի տեղում բնակավայր եղել է հնագույն ժամանակներից, թերևս մարդն այստեղ բնակություն է հաստատել քարեդարյան շրջանում: Գորիս անվան հնագույն հիշատակումը գալիս է ուրարտական ժամանակաշրջանից: Ռուսա առաջին թագավորը մ.թ.ա. 8-րդ դարում թողել է սեպագիր, ուր իր նվաճած 23 երկրների մեջ նշում է Գորիսցա երկիրը: Գիտնականները գտնում են, որ դա Գորիսն է: Գորիսում գտնվել է նաև Արտաշես 2-րդ թագավորի (189-160 մ.թ.ա.) արամերեն արձանագրության սահմանաքար:
Բնակավայրը գոյություն է ունեցել նաև միջին դարերում և գտնվել է ներկայիս Գորիսի արևելյան մասում՝ համանուն գետի ձախ ափին, կոչվում էր հին Գորիս և համապատասխանում է Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակած (13-րդ դար) Գորու և Գորայք գյուղերից մեկին:
Քաղաքի անվան ներկայիս գրելաձևը առաջին անգամ հանդիպել է 1624թ.՝ Բարսեղ Երեցի կողմից գրված մի ձեռագրում:
17-18-րդ դարերում Գորիսում հաստատվել և իշխում էին Մելիք-Հուսեինյանները: 
Գորիսը 19-րդ դարի սկզբին՝ 1813թ. հոկտեմբերի 13-ի Գյուլիստանի պայմանագրով, անցնում է ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Գորիսի զարգացումը սկսում է 19-րդ դարի 70-ական թվականներից, երբ ցարական վարչական բաժանմամբ այն դարձավ Զանգեզուր գավառի կենտրոնը: 1876թ. Հին Գորիսի մոտ Ստարացկի գավառապետի նախաձեռնությամբ, Մանուչար-Բեկ Մելիք Հուսեինյանի խորհրդով և գերմանացի ճարտարապետի կազմած նախագծով հիմնադրվում է Գորիս քաղաքը:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տնտեսական և մշակութային առումով քաղաքը բավական առաջադիմել էր: 1930թ. սեպտեմբերի 9-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գորիսը դարձավ համանուն շրջանի վարչական կենտրոնը: Քաղաքը հանդիսացավ արցախյան շարժման հենասյուներից մեկը: Քաղաքում անդրանիկ երթը տեղի ունեցավ փետրվարի 22-ին: Նշանակալից իրադարձություն էր նաև 1989թ. Սյունյաց հոգևոր թեմի վերաբացումը, որի առաջնորդարանը հաստատվեց Գորիսում: Գորիսում կա 1941-45թթ. Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված բազալտակուռ աղբյուր-հուշարձանը: Այստեղ են ծնվել Ակսել Բակունցը, Սերո Խանզադյանը, Գուսան Աշոտը, ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Սևադա Բակունցը: 

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Վաչագան Ադունց
  • Կուսակցական պատկանելիություն – ՀՀԿ անդամ
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 2014

Ավագանու անդամների ցուցակ

ԱՐԶԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ
ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ
ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ
ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ
ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ
ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ
ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ
ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ
ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ
ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ
ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ
ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - Սյունիքի մարզ, ք. Գորիս, Անկախության փող., շենք 3
  • Հեռախոսահամար. - (+374 284) 2-25-52
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ - http://goriscity.am