Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մասնակցել է «Միջհամայնքային համագործակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մասնակցել է «Միջհամայնքային համագործակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը

27.05.2026

Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD) ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովը՝ նվիրված «Միջհամայնքային համագործակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացմանն ու քննարկմանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, զարգացման գործընկեր կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Աշխատաժողովին հանդես է եկել նաև Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը՝ ներկայացնելով Հայաստանի համայնքների միության դիրքորոշումն ու դիտարկումները միջհամայնքային համագործակցության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ։

Իր խոսքում Արմեն Հարությունյանը կարևորել է Հայաստանում միջհամայնքային համագործակցության ոլորտի իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի կատարելագործումը՝ նշելով, որ «Միջհամայնքային համագործակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը կարևոր քայլ է տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման և ապակենտրոնացման բարեփոխումների խորացման ճանապարհին։

Նա ընդգծել է, որ միջազգային առաջավոր փորձը ցույց է տալիս՝ միջհամայնքային համագործակցության ինստիտուտի առաջնային կրողները համայնքների միություններն ու ասոցիացիաներն են, և այս համատեքստում Հայաստանի համայնքների միությունը ևս պատրաստակամ է ակտիվ մասնակցություն ունենալ ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացում։

Արմեն Հարությունյանը նշել է, որ վերջին տասնամյակում Հայաստանում իրականացված վարչատարածքային բարեփոխումները և համայնքների խոշորացման գործընթացը կարևոր նախադրյալներ են ստեղծել միջհամայնքային համագործակցության զարգացման համար։ Նրա խոսքով՝ նոր պայմաններում համայնքները տնօրինում են ավելի լայն ռեսուրսներ և լիազորություններ, ինչն առավել արդիական է դարձնում համագործակցության արդյունավետ մեխանիզմների ներդրումը։

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը կարևորել է նաև այն հանգամանքը, որ մշակվող օրենսդրությունը լինի ճկուն և խթանի համայնքների նախաձեռնողականությունը՝ բացառելով չափազանց բարդ վարչարարական մոտեցումները։ Նրա համոզմամբ՝ օրենքը պետք է նպաստի համայնքների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը՝ ստեղծելով կայուն և գործնական ինստիտուցիոնալ լուծումներ։

Արմեն Հարությունյանը հայտնել է, որ Հայաստանի համայնքների միությունը շահագրգռված է մասնակցելու ինչպես միջհամայնքային համագործակցության կառուցակարգերի ներդրման գործընթացներին, այնպես էլ ապագայում փորձնական ծրագրերի իրականացմանը Հայաստանի տարբեր համայնքներում։

Նա նաև կարևորել է օրենսդրությամբ Հայաստանի համայնքների միությանը միջհամայնքային համագործակցության գործընթացներ նախաձեռնելու իրավական հնարավորության ընձեռումը՝ նշելով, որ դա կնպաստի համայնքների միջև ավելի արդյունավետ համագործակցության ձևավորմանը։

Եզրափակելով խոսքը՝ Արմեն Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է աշխատաժողովի կարևորությունը և մասնակիցներին մաղթել արդյունավետ ու կառուցողական քննարկում։

Աշխատաժողովը կազմակերպվել էր «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է GIZ-ի կողմից՝ Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) հանձնարարությամբ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում
Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում

14:57

22 07 2026

Հայաստանի համայնքների միության տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Հայաստանի վերականգնվող...

Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին
Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին

17:53

08 07 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին

16:30

18 06 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Դիլիջանում մասնակցել է...

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին

10:07

18 06 2026

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը կմասնակցի Մարոկոյի Տանժեր...